Reuters. Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ԱՄՆ միջնորդությամբ նախնական խաղաղության համաձայնագիր

Քիչ առաջ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կստորագրեն ԱՄՆ միջնորդությամբ կնքված նախնական խաղաղության համաձայնագիր:

Փաստաթղթի նպատակն է, ըստ գործակալության, ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի, հետո՝ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։

Ըստ Reuters-ի` համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա բացառիկ իրավունք Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։

«Առաջին հերթին պարզ չէ, թե ինչպես են այսօր ստորագրվելիք համաձայնագրերը լուծելու այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսին են ընդհանուր սահմանների սահմանազատումը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը», - Վաշինգտոնից հաղորդում է Reuters-ի թղթակիցը` հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ շրջանցել են Լեռնային Ղարաբաղի հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպիտակ տուն. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն Վաշինգտոնում սպասվող համաձայնություններին ընդառաջ մի շարք հարցեր մնում են բաց