Reuters-ը, Սպիտակ տանը հղում անելով, հաղորդում է, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները խաղաղության համաձայնագիր կստորագրեն:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է:
«Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին լրագրողներին փոխանցել է նաև, որ նախագահ Թրամփը պատրաստվում է մի շարք համագործակցության համաձայնագրեր ստորագրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
Վաշինգտոնում հավատարմագրված Ալեքս Ռաուֆօղլուն, ով առաջինն էր հաղորդել Սպիտակ տանը կայանալիք այսօրվա հանդիպման լուրը, տեղից փոխանցում է՝ ամերիկացի պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ խաղաղության գործարքի առանցքում «Թրամփի ճանապարհն է», որը կերաշխավորի անխոչընդոտ կապ Ադրբեջանի համար՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Ամերիկացի պաշտոնյաները նաև ասել են, որ այս նոր ճանապարհը մարտահրավեր կնետի տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ազդեցությանը՝ ուղիղ կապ ապահովելով Հարավային Կովկասից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։
Ըստ Սպիտակ տան պաշտոնյաների՝ այսօրվա հանդիպումներից անմիջապես հետո նախագահ Թրամփի վարչակազմը աշխատանքային խմբեր է ստեղծելու՝ ճանապարհային քարտեզի դետալներն իրագործելու համար:
«Ակնկալվում է, որ բուն «Թրամփի ճանապարհի» շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ շաբաթ։ Սպիտակ տնից տեղեկացրել են, որ 9 տարբեր օպերատորներ են արդեն այս նախագծին մասնակցելու հետաքրքրություն հայտնել, 3-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից»,-նշում է Ռաուֆօղլուն, հավելելով,- «Այս նախագիծը, ըստ Սպիտակ տան պաշտոնյաների, առևտրային է, ոչ բարեգործական և միտված երաշխավորելու խաղաղությունը եկող սերունդների համար»:
Ինչ են հայտնում այլ միջազգային լրատվամիջոցները
Նախքան բուն բանակցություններն ու ստորագրման արարողությունը այսօրվա հնարավոր զարգացումներից մանրամասներ են հայտնում միջազգային լրատվամիջոցները:
«Հայաստանը մտադիր է հայտարարել, որ ԱՄՆ-ին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքը», - հաղորդում է CBS News-ը։
Ըստ բրիտանական Guardian-ի, «նախատեսվում է, որ տարանցիկ միջանցքն, ի վերջո, կներառի երկաթուղու, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժը»: Թերթը միաժամանակ հավելում է, որ ըստ համաձայնագրի, դրա կառուցման գումարը տրամադրվելու է ոչ թե Ամերիկայի, այլ՝ մասնավոր կորպորացիաների կողմից:
Ամերիկյան Axios-ը հավելյալ մանրամասներ է հաղորդում, պնդելով, թե Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։
«Հայաստանը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», - գրում է ամերիկյան պարբերականը, հավելելով, - «ամերիկացիներն այս նոր առևտրային ուղուց տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, որը իրենց սեփականն էին համարում»։
Ըստ նույն աղբյուրի, Թրամփի վարչակազմն այս հարցով սկսել է զբաղվել մարտից, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անակնկալ մեկնել է Բաքու։ Axios-ը պնդում է, որ առաջարկը եղել է Քաթարի կառավարության կողմից։ Բաքու այցելելուց հետո Ուիթքոֆը հանձնարարել է այս հարցը իր թիմի անդամ, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մտերիմ, ռաբբի Արիե Լինգսթոնին, ով հինգ անգամ այցելել է տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Թրամփի վարչակազմն, ըստ ամերիկյան պարբերականի, Փաշինյանին փոխանցել է՝ եթե նա թույլ տա, որ ԱՄՆ-ն զարգացնի տարանցիկ միջանցքը, ապա ի դեմս Վաշինգտոնի կգտնի «բարեկամ ու հզոր պատնեշ՝ Ադրբեջանի կողմից հետագա ներխուժումների դեմ»։
Politico-ն, հղում անելով ամերիկացի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, գրում է. «Հայաստանը համաձայնել է 99 տարով ԱՄՆ-ին տրամադրել Զանգեզուրի միջանցքի զարգացման բացառիկ իրավունքը: ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կզարգացնի երկաթուղային, նավթային, գազի, օպտիկամանրաթելային, ինչպես նաև հնարավոր է, էլեկտրաէներգիայի փոխանցման գծերը՝ միջանցքի երկայնքով»:
Ըստ Politico-ի, դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհից բացի Ադրբեջանն այսօր նաև մի շարք արտոնություններ կստանա Վաշինգտոնից։ Մասնավորապես, ԱՄՆ-ն կվերացնի Բաքվի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումները՝ չեղյալ հայտարարելով անկախությունից անմիջապես հետո ընդունված 907-րդ բանաձևը, որն արգելում էր Ամերիկային ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Թեև Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահները սառեցնում էին այդ դրույթը, սակայն այն մնում էր Վաշինգտոնի գործիքակազմում, ինչից նախագահ Ալիևը պարբերաբար դժգոհում ու նեղսրտում էր։
France 24-ը հաղորդում է, որ երեկ Ադրբեջանը մեկ կարևոր համաձայնագիր արդեն ստորագրել է Վաշինգտոնում։ «Ալիևը և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ներկա են եղել ExxonMobil-ի և Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը, ապա՝ նստել բանակցությունների»։
«Հասկանալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ձգտում են բարելավել կապերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ երբ միջնորդ-մայրաքաղաքներից մեկը փորձում է առաջնորդել խաղաղության գործընթացը, մրցակից մայրաքաղաքները արձագանքում են՝ հաճախ խափանելով առաջընթացը», - փաստում են Քարնեգի կենտրոնի վերլուծաբանները, հավելելով, - «առաջնորդությունն իր ձեռքը վերցնելով՝ Վաշինգտոնը Մոսկվային և Թեհրանին, ինչպես նաև տեղական և համաշխարհային մակարդակով հնարավոր այլ հակառակորդներին պատրվակ կտա՝ խոչընդոտել և բարձրացնել հնարավոր խաղաղության համաձայնագրի քաղաքական գինը»։
«Այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ուժգին ուղերձ կուղարկի Մոսկվային առ այն, որ երկու երկրները պատրաստ են գտնել տարաձայնությունների լուծումը առանց Ռուսաստանի»,-նշում է Euronews-ը, հավելելով,-«բանակցային օրակարգում առանցքային հարցը Զանգեզուրի միջանցքն է»։
Թուրքիայի հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, թե այս գործարքում նշանակալի դեր է ունեցել նաև Անկարան։
«Թուրքիան գործել է լուռ, բայց ռազմավարական դեր է խաղացել կողմերի միջև երկխոսության խթանման գործում», - հայտնում է թուրքական ալիքը, մանրամասնելով՝ «թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը, վերջին ամիսներին լայնորեն համագործակցել են Բաքվի և Երևանի հետ։
«Անկարան աջակցել է հաղորդակցման ուղիների նախագծերին, մասնավորապես նրանց, որոնք համապատասխանել են «Զանգեզուրի միջանցքի» իր տեսլականին, պայմանով, որ դրանք նպաստեն երկարատև խաղաղությանը», - նշում է TRT-ն։