Իսրայելի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ դեմ արտահայտվելու կառավարության պլանին՝ ընդլայնելու Գազայում իր ռազմական գործողությունները։
Ուրբաթ օրը Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է պատերազմի ավարտին ուղղված հինգ սկզբունք, որոնցից մեկն է «անվտանգության վերահսկողության ստանձնումը» Գազայի հատվածի նկատմամբ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ «պատրաստվելու է վերահսկողություն վերցնել» Գազայի քաղաքի նկատմամբ։
Ցուցարարները, որոնց թվում էին նաև Գազայում գտնվող 50 պատանդներից մի մասի ընտանիքի անդամներ, մտահոգություն են հայտնել, որ այս պլանը վտանգի տակ է դնում պատանդների կյանքը, և կոչ են արել կառավարությանը ապահովել նրանց ազատ արձակումը։
Իսրայելի ղեկավարները մերժել են պլանի վերաբերյալ քննադատությունները․ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է․ «Սա կօգնի ազատել մեր պատանդներին»։
Պատանդների և զինվորների ընտանիքի անդամները Թել Ավիվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի մոտ, բողոքի ակցիայի ժամանակ կոչ են արել մյուս զինվորներին հրաժարվել մասնակցել նախատեսված ռազմական գործողությունների ընդլայնմանը։