Մատչելիության հղումներ

Գերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում


Արցախցիները մասսայաբար լքում են իրենց հայրենիքը՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո, սեպտեմբեր, 2025թ.
Արցախցիները մասսայաբար լքում են իրենց հայրենիքը՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո, սեպտեմբեր, 2025թ.

Ոչ մի տող գերիների ու տեղահանված արցախցիների վերադարձի մասին. Սպիտակ տանը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի ստորագրած համատեղ հռչակագրում բացակայում են այս հարցերի լուծման ուղիները:

Գիշերվանից քննադատությունը վարչապետ Փաշինյանի հասցեին չի դադարում: Գերիների հարազատներ զայրացած են, հարցնում են՝ իսկ ո՞ւր մնաց ադրբեջանական բանտերում պահվողների հարցը, ի՞նչ է լինելու նրանց հետ: Ներկայանալ չցանկացող «Ազատության» զրուցակիցը կարծիք հայտնեց, որ մինչև Ամերիկա հասնելն էր պետք որոշել գերիների հարցը. - «Եթե էդ հարցը չի քննարկվում, ուրեմն արդեն մոռացել են, էլի», - ասում է հայ ռազմագերու հարազատը:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում: Նրանց Բաքուն մեղադրում է ծանր հոդվածներով, պնդում, որ հայերը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սկսած արցախյան առաջին պատերազմից ռազմական հանցագործություններ են կատարել և պետք է դատվեն:

«Մի մի քանի անգամ եղել են իրավիճակներ, որ ես ինքս ընտանիքի անդամներին ասել եմ, որ էսպես կլինի, բայց ինչ -ինչ հանգամանքերի պատճառով չի եղել, էդ ժամանակներից ես սկզբունք ունեմ նախապես ոչինչ չասել», - ասում է վարչապետը:

Փաշինյանն այսօրվա ասուլիսում էլ պնդեց՝ ճիշտ է, փաստաթղթերում արտահայտված չեն հումանիտար հարցերը, բայց ունեցել են էական խոսակցություններ և իրենք ոչ մի բանակցության ժամանակ չեն շրջանցում անհետ կորածների, գերեվարված և անազատության մեջ գտնվողների հարցերը:

«Խնդրում եմ՝ որևէ կասկած չլինի, որ ամենաբարձր մակարդակով անդրադարձ ունեցել ենք, և մենք հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման առումով», - վստահեցրեց նա:

Մինչ իշխանությունները հաղթանակ են որակում Թրամփի միջնորդությամբ ստորագրած հռչակագիրը, արցախցի պատգամավորը Սպիտակ տանը տեղի ունեցածը որակում է չակերտավոր հաղթանակ. - «Միանշանակ միջազգային օրակարգից հանվեց Արցախի հարցը, գերիների մասով էլ նույն իրավիճակն է»,- կարծում է նա:

Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը դեռ շատ ստանալիքներ ունի Փաշինյանից, և, ի վերջո, խաղաղության պայմանագիր կստորագրի իր ուզածը կորզելուց հետո:

Արցախի նախկին պետնախարար, այժմ արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Արցախմիության» ղեկավարն էլ Հայաստանի իշխանություններին հորդորում է՝ «խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին»:

Արտակ Բեգլարյանն այսօր ֆեյսբուքի իր էջում պնդել է՝ Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից. - «Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին»:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը իր հերթին քննադատել է Սպիտակ տանը, որ առաջ մղեց երեկ ստորագրված փաստաթուղթը՝ առանց Արցախ հայերի վերադարձի իրավունքին ու գերիների հարցին անդրադառնալու:

Հայ դատը կոչ է անել ապահով արցախցիների վերադարձը հայրենիք, ազատ արձակել գերիներին, նաև հետևել Ադրբեջանին ամերիկյան օգնությունն արգելափակող 907-րդ բանաձևին, որի չեղարկման մասին երեկ Սպիտակ տանը հայտարարվեց:

Չնայած այս կոչերին ու իր նախընտրական խոստումներին՝ երեկ նախագահ Թրամփը որևէ կերպ հակված չէր անդրադառնալու հայ - ադրբեջանական հարաբերությունների այս կնճռոտ հարցերին:

Փաշինյանին դիմավորելիս՝ անպատասխան թողեց լրագրողի հարցը՝ հալածված քրիստոնյա հայերի մասին, մինչդեռ նախընտրական շրջանում ինքն էր քննադատել իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ ոչինչ չանելու, հայերի էթնիկ զտմանը չարձագանքելու համար:

Թրամփը չանդրադարձավ հայերի վերադարձին նույնիսկ այն ժամանակ, երբ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում լրագրողներից մեկը նրան ուղիղ հարց տվեց այս մասին: Փոխարենը երկար խոսեց նույն լրագրողի երկրորդ հարցի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին: Ու հենց այդ պահին Հայաստանի վարչապետը, առանց հայերի վերադարձին անդրադառնալու, առաջարկեց Թրամփին առաջադրել այդ մրցանակին, նրան շատ արագ միացավ Ալիևը՝ առաջարկելով դա անել միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG