Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այսօր Սպիտակ տանը իր, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրված Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ հռչակագիրը՝ հանդիպման արդյունքների մասին:
Առաջին կետով նշվում է, որ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Դոնալդ Թրամփն ականատես եղան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։
«Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը», - ասված է հռչակագրում։
Երկրորդ կետով նրանք ստորագրել են համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ:
«2․ Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։
Բացի այդ, ՀՀ-ն ու Ադրբեջանը վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», - նշված է հռչակագրի մեջ:
Բացի այդ, ամրագրվում է, որ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Հինգերորդ և վեցերերոդ կետով խոսվում է երկու ժողովուրդների միջև «թշնամանքի էջը փակելու», տարածաշրջանում խաղաղության առաջմղման մասին: